Մեքսիկայում ինքնաթիռով կեղծ «Սպուտնիկ V» պատվաստանյութեր տեղափոխող կեղծարարները դիմել են փախուստի
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռով կեղծ «Սպուտնիկ V» պատվաստանյութեր տեղափոխելու համար ձերբակալվել են Հոնդուրասի քաղաքացիները, որոնց, սակայն, հաջողվել է փախուստի դիմել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի գլխավոր դատախազության հայտարարությանը։
«Մեքսիկայի մաքսային ծառայության աշխատակիցները սրվակներով լի սառնարանը և ինքնաթիռը փոխանցել են դատախազությանը, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Միգրացիոն ծառայությանը խնդրել են ներգաղթի մասին ծանուցումներ տրամադրել օդաչուին և ինքնաթիռի՝ հյուրանոցում տեղակայված ուղևորներին, սակայն վերոնշյալ անձիք խուսափել են հետաքննությունից», - Twitter-ում հայտնել է դատախազությունը։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Մեքսիկայի իշխանությունները հարավային Կամպեչե նահանգի օդանավակայանում բերման են ենթարկել Cessna մասնավոր ինքնաթիռը, որում հայտնաբերվել է ավելի քան հազար սրվակ կեղծ «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Օդանավում Հոնդուրասի յոթ քաղաքացի է եղել:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը բռնագրավված խմբաքանակի նկարների վերլուծության հիման վրա ասել է, որ պատվաստանյութերը կեղծ են:
Նախօրեին հոնդուրասյան Grupo Karim ընկերությունը հայտարարություն է տարածել ինքնաթիռի մասին և նշել, որ ցանկացել է իր աշխատակիցներին կորոնավիրուսի պատվաստանյութ մատակարարել և մերժել մաքսանենգ ճանապարհով պատվաստանյութ տեղափոխելու փորձի մասին մեղադրանքները:










