Բելառուսում ավելի քան 80 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ռուս լրագրողներ
Բելառուսում մարտի 25-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 80 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությանը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ 35 մարդ ձերբակալվել է մայրաքաղաք Մինսկում, հայտնի է նաև 18 այլ քաղաքներում առնվազն 48 ձերբակալվածների մասին:
Բացի այդ, ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մինսկում ցույցերը լուսաբանելիս ձերբակալվել են «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը և «Իզվեստիա» պարբերականի լուսանկարիչ Պավել Վոլկովը:
Մարտի 25-ը Բելառուսում նշվում է որպես ազատ կամքի օր, որը համընկնում է Բելառուսի Հանրապետության անկախության հռչակման օրվա հետ: Ընդդիմությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր խոշորամասշտաբ ցույցեր են անցկացվելու բելառուսական քաղաքներում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հատուկ նշանակության տեխնիկա և ուժայիններ են տեղակայվել:










