Միշուստինը «ոտքի վրա» կարճ զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ

13:14 • 25.03.21

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «ոտքի վրա» զրուցել է Ուելսի թագաժառանգ արքայազն Չարլզի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է՝ նրանք Անկախության օրվա առթիվ մասնակցել են Աթենքում անցկացվող զորահանդեսին: Միշուստինը Չարլզից շուտ է հասել Աթենքի Սինտագմա հրապարակ: Ժամանելուն պես Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը մոտեցել է Ռուսաստանի վարչապետին, և նրանք կարճ զրույց են ունեցել: 

Թե ինչի շուրջ են զրույցել պաշտոնյաները, դեռևս հայտնի չէ:

Նշենք՝ Հունաստանն այսօր մեծ շուքով նշում է 1821-1829 թվականների ազգային-ազատագրական հեղափոխության մեկնարկի 200-ամյակը:

1821-ին սկսված ազգային-ազատագրական հեղափոխության արդյունքում Հունաստանը ազատվել է Օսմանյան կայսրության 400-ամյա լծից և ստեղծել անկախ պետություն:

Այս առնչությամբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Աթենք է հրավիրել այն երկրների ղեկավարներին և ներկայացուցիչներին, որոնք առանցքային դեր են խաղացել Հունաստանի ազգային անկախության համար պայքարին աջակցելու գործում: Հյուրերի թվում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Մեծ Բրիտանիան ներկայացնում է Ուելսի թագաժառանգ արքայազն Չարլզը, իսկ Ֆրանսիան՝ պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին: Հունաստան է ժամանել նաև Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը: