Հս․ Կորեան հայտարարել է «նոր տիպի մարտավարական ղեկավարվող հրթիռների» արձակման մասին․ Բայդենը «համարժեք պատասխան» է խոստացել
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի արձակված հրթիռները «նոր տիպի մարտավարական ղեկավարվող հրթիռներ են». սա եղել է հրթիռների արձակումից հետո Փհենյանի առաջին հայտարարությունը:
Հայտնի է, որ սա վերջին մեկ տարվա ընթացքում և ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու առաջին դեպքն է։
Այս մասին հայտնում է բրիտանական BBC լրատվականը և հավելում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՝ Փհենյանին արգելվում է բալիստիկ հրթիռներ փորձարկել:
Բալիստիկ հրթիռների արձակումից հետո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները համարժեք պատասխան կտա։ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտել են փորձարկումը։
Բայդենը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն խորհրդակցում է գործընկերների և դաշնակիցների հետ և եթե իրավիճակը սրվի, ապա համարժեք պատասխան կլինի։ Բայդենը նշել է նաև, որ պատրաստ է դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանը, սակայն վերջնական արդյունքը պետք է երկրի ապամիջուկայնացումը լինի։
Հյուսիսային Կորեայի ուրբաթօրյա հայտարարության մեջ ասվում է, որ հարվածները հասցվել են Հյուսիսային Կորեայի արևելյան ափից 600 կիլոմետր հեռավորության վրա՝ ի հակադրություն Ճապոնիայի այն մեկնաբանությունների, որ դրանք թռչել են 400 կիլոմետրից մի փոքր ավելի:
«Այս զենքի համալիրի զարգացումը մեծ նշանակություն ունի երկրի ռազմական հզորության խթանման և բոլոր տեսակի ռազմական սպառնալիքների զսպման տեսանկյունից», - ըստ Հյուսիսային Կորեայի տարածած հաղորդագրության՝ ասել է փորձարկումները վերահսկած Րի Փյոն Չոլը։
Ըստ Փհենյանի, նոր հրթիռն ի վիճակի է 2,5 տոննա բեռ կրել, ինչը նրան հնարավորություն կտա միջուկային մարտագլխիկ կրել:
Հայտնի չէ, թե ինչ տեսակի հրթիռներ են կիրառվել, սակայն ենթադրվում է, որ դրանք անցյալ տարի հոկտեմբերին Փհենյանում կայացած ռազմական շքերթի ընթացքում ցուցադրված հրթիռներն են։ Փորձարկումն ընդգծում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրի ապամիջուկայնացման բանակցություններից հետո երկրի սպառազինությունների ծրագրի առաջընթացը։










