Բիլ Գեյթսը նշել է համավարակի դեմ պայքարում Եվրոպայի և ԱՄՆ-ի ճակատագրական սխալները

11:33 • 26.03.21

ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարը դժվարությամբ է առաջ գնում, քանի որ կորոնավիրուսի համավարակի սկզբում նրանք ճակատագրական սխալներ են թույլ տվել:Այս մասին լեհական Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Նա նշել է, որ պետությունները պետք է հնարավորինս արագ մեկուսացնեին վարակվածներին՝ հիվանդության աճը զսպելու համար: Բացի այդ, նրանց անհրաժեշտ էր բնակչության թեստավորման ծավալն ավելացնել, ինչը հետագայում կհանգեցներ ավելի կարճատև և պակաս խիստ սահմանափակումների:

«Ամենավատն այն է, որ ինձ նման մարդիկ կային, որոնք նախազգուշացնում և ասում էին՝ կա որոշակի ռիսկ, սակայն, վճարելով որոշակի գին, կարելի է պատրաստվել և խուսափել խնդրից: Ցավոք, այս առաջարկված ներդրումները չեն կատարվել: Դրանց թվում էին առաջարկությունները` հնարավորինս շուտ ախտորոշել հիվանդներին»,-ասել է Գեյթսը:

Նա ավելացրել է, որ մի շարք երկրներ լավ են հաղթահարել համավարակը, բայց Եվրոպայի ու ԱՄՆ-ի մեծ մասը իրենց սխալների պատճառով հսկայական վնասներ են կրել: