Օնիկ Գասպարյանը չտեսավ, որ ժողովուրդը գնա, պաշարի ՊՆ-ն և ասի՝ մեր երկրի անվտանգության երաշխավորն եք, հիմա մենք ձեզ տալիս ենք մեր քվեն․ Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

12:41 • 26.03.21

Ժողովրդի խաբվածությունը ցավալի իրողություն է, բայց ես ուզում եմ այդ խաբվածներին ասեմ, որ երբ անհատը խաբվածության զգացում է ունենում, ափսոսում է, գլուխը կախում է, հետո բարձրացնում է և ասում՝ ես խաբվել եմ, ես ուզում եմ ժողովուրդը դա ասի։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:

«Ես ուզում եմ բոլորին ասեմ հետևյալը. որտեղ ուզում է բնակվելիս լինի, հայը չպետք է մոռանա, որ Արցախը ոչ թե հայկական է, այլ հայերինն է, որ Նախիջևանը, Վանը, Էրզրումը, Մասիսը հայկական է»,–ասաց նա և նշեց, որ ամեն հայ, որ անկյունում էլ ապրի, երբեք չպետք է մոռանա, որ այդ բոլորն իրենն  է։

«Մարդու այն տեսակը, որ գրոհեց հայոց պետականության բջջի վրա, ինձ համար անճանաչելի է բացարձակապես։ Որքան քննադատում են, այնքան կարծրանում են, և չպետք է հաշվի առնենք իրենց կարծրացումը և ցուցադրենք մեկ ուրիշ կարծրություն, որ իրենցից կարծր լինի»,–ասաց նա։

Ռազմիկ Դավոյանը նշեց, որ արցախցիների և հայաստանցիների միջև սեպ խրողն անիծված պետք է լինի, ինչպես նաև նա, ով նախկինների և ներկաների բաժանեց երկիրը։ «Օնիկ Գասպարյանը և գեներալներն էլ շատ քաջ էին իրենց հայտարարության մեջ, բայց անցավ ահագին ժամանակ, և Օնիկ Գասպարյանը չտեսավ, որ ժողովուրդը, որ 40–50 հազարով հավաքվում էր, իրենց 17 կուսակցության առաջնորդների և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ գնային պաշարեին Պաշտպանության նախարարությունը և ասեին՝  Սահմանադրությամբ, դու, Օնիկ Գասպարյան և գեներալներ, մեր երկրի անվտանգության երաշխավորն եք, և հիմա մենք ձեզ տալիս ենք մեր քվեն»,–ասաց նա։

Ըստ Դավոյանի՝ երկրորդ, երրորդ նախագահներ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը շատ անելիքներ ունեն այս երկրում, այդ թվում՝ մեր կորուստները հետ բերելու հարցում։