Դատական իշխանությանը վարկաբեկող ցանկացած բան ուղիղ ազդեցություն է ունենում դատական համակարգի վարկանիշի, մարդկանց շրջանում դրա նկատմամբ վստահության վրա. Մխիթար Պապոյան (տեսանյութ)

13:46 • 26.03.21

Դատավորի անկախությունը կախված է հենց իրենից՝ դատավորից: Այս մասին դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դատական իշխանությունն անկախ է թե՛ նախկին իշխանություններից, թե՛ ներկա իշխանությունից:

Նրա խոսքով՝ իշխանություն ցանկացած ճյուղ փորձելու է որոշակի ազդեցություն ունենալ: «Միգուցե այլ երկրներում էլ է այդպես, բայց դատավորը, անձը ինքը պետք է փորձի դրանից հեռու մնալ: Իմ վրա երբևէ չի եղել ճնշումներ, թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք: Ինչ վերաբերում է ճնշումներին ընդհանուր դատական համակարգի հետ կապված, ես կարող եմ ասել, որ կոնկրետ ճնշումներ մասնավոր անձանց չգիտեմ եղել են թե չէ, քանի որ կոնկրետ դեպքի ծանոթ չեմ, բայց հանրային ճնշումներ, իհարկե, լինում են, ինքներդ էլ գիտեք դրա մասին: Դրանք ավելի շատ հանրային ճնշումներ են, որոնք ցանկալի չեն»,- ասաց դատավորը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիք հնչեցրած անձանց, որոնք հայտնվում են ազատության մեջ, իսկ նախկին իշխանության օրենք սրա համար կարող էին մինչև 10 տարի ժամկետով պահել անազատության մեջ, դատավորը չհամաձայնեց հնչեցրած կարծիքի հետ և ասաց, որ այդպիսի նախադեպի ծանոթ չի:

«Ունե՞նք մենք այս պահին քրեական գործ, համենայն դեպս ես չգիտեմ, եթե ունենք, դուք ինձ ասեք, կփորձեմ Դատալեքս տեղեկատվական համակարգից հանել ու կարդալ, թե արդյոք կա այդպիսի դատական վերջնական ակտ, որ ձեր կողմից նշված արարքների համար անձը կամ անձինք ազատազրկվել են: Ես այդպիսի գործի ծանոթ չեմ: Իսկ ինչ վերաբերում է կալանքներին, ապա կալանքը որպես խափանման միջոց օրենսդրությամբ սահմանված է: Տարիներ շարունակ տարբեր միջազգային մարմիններ ՀՀ-ից որոշակի դժգոհություն էին հայտնում կալանքների շատ լինելու վերաբերյալ: Հիմա վա՞տ է, որ այսպես է»,-ասաց դատավորը:

Նա նաև ընդգծեց, որ դատական իշխանությանը վարկաբեկող ցանկացած բան ուղիղ ազդեցություն է ունենում դատական համակարգի վարկանիշի մարդկանց շրջանում դրա նկատմամբ վստահության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։