Մակրոնը հայտարարել է պատվաստանյութերի պատճառով «համաշխարհային պատերազմի նոր տիպի» մասին
Եվրոպան բախվել է «համաշխարհային պատերազմի նոր տիպին»՝ կապված պատվաստումների հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առցանց գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Le Figaro պարբերականին:
Նրա խոսքերով` դա պայմանավորված է նաև «Ռուսաստանի և Չինաստանի` պատվաստանյութերի օգնությամբ ազդեցություն տարածելու ցանկությամբ»: Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան պետք է անկախ լինի նման դեղամիջոցների արտադրության հարցում:
Մակրոնը խոստացել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպան կավելացնի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրության ծավալները և կդառնա պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը: Միևնույն ժամանակ, նա առաջարկել է արգելափակել պատվաստանյութերի արտահանումը, եթե արտադրողը չի կատարում Եվրամիություն մատակարարելու իր պարտավորությունները:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Pfizer և Moderna ընկերությունները, ի տարբերություն AstraZeneca-ի, հավատարիմ են իրենց պարտավորություններին:










