«Ցավալի է, որ ՀՀ կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակությունը». Freedom House

14:14 • 27.03.21

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում զանգվածային լրատվության միջոցների և խոսքի ազատությունը: 

Այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ՝ մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ: 

«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրենքը և նշել, որ այն կարելի է չարաշահել՝ չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար: Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»,- շեշտել է կազմակերպության՝ Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը: Ըստ այդմ՝ եռապատկվել է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն սահմանվել է մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

Կազմակերպությունը նշում է՝ օրենքն ընդունվել է առանց հաշվի առնելու արդարադատության նախարարության կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեսակետները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կազմակերպությունների կարծիքները, որոնք լուրջ մտահոգություն են հայտնել դրա վերաբերյալ: Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով՝ չստորագրելու օրենք և այն ուղարկելու Սահմանադրական դատարան՝ վերանայման:

Freedom House-ը հիշեցնում է, որ 2010 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհրդի՝ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներին ուղղված դիմումից հետո ապաքրեականացրել է զրպարտությունն ու վիրավորանքը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ նոր փոփոխությունները հակասում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պահանջին:

«Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»,- ասվում է 8-րդ հոդվածում: 

Բացի այդ, այն հակասում է 2011 թվականին ընդունված ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 997 որոշմանը, որով կոչ է արվում հաշվի առնել լրատվամիջոցների ֆինանսական վիճակը զրպարտության և վիրավորանքի գործերով տուգանքներ սահմանելիս:

«Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.

- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,

- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:

Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի, գործի հանգամանքներից ելնելով, դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը»,- շեշտվում է ՍԴ որոշման մեջ: