Մոզամբիկի հյուրանոցներից մեկում ավելի քան 180 մարդ 3 օր է շրջափակման մեջ է զինյալների գրոհի պատճառով
Մոզամբիկի հյուսիսային Քաբո Դելգադո նահանգում գտնվող հյուրանոցներից մեկում ավելի քան 180 մարդ 3 օր է շրջափակման մեջ է գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Ըստ ականատեսների բնական հեղուկ գազի կայանի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով մի քանի մարդ է զոհվել։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն առնչվող զինյալները չորեքշաբթի երեկոյան հարձակվել են քաղաքի բնակչության վրա, որոնք ապաստանել են «Ամարուլա Պալմա» հյուրանոցում։
«Գրեթե ամբողջ քաղաքը ոչնչացված է, շատ մարդիկ են զոհվել», – ասել է կայանի աշխատակիցներից մեկը և հավելել, որ մարդիկ ապաստանել են հյուրանոցում՝ փրկության սպասելով։
Human Rights Watch-ը հայտարարել է, որ հարձակվողները կապված են տեղական «Ալ Շաբաբ» խմբավորման հետ։ Հյուրանոցում ապաստանած մարդկանց փորձել են տարհանել ուղղաթիռներով, սակայն հնարավոր չի եղել միջանցք գտնել։










