Կարմիր խաչի նախագահը Արևմուտքին, արաբական երկրներին կոչ է արել վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մարերոն հաստատել է, որ կոմիտեն կոչ է անելու Արևմուտքին և արաբական երկրներին վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին վերադարձնել իրենց երկրներ, հայտնում է almasdarnews.com-ը։
Հասաքեի նահանգապետի և Սիրիայի կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում Մարերոն շեշտել է, որ «կոմիտեն կպահանջի վերջ տալ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Սիրիայի անարդար շրջափակմանը»:
Նա բացատրել է, որ իր այցը նպատակ ունի Սիրիայում իրավիճակի քննարկման թեմայով արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ Բրյուսելում կայանալիք խորհրդաժողովից մեկ շաբաթ առաջ մանրակրկիտ ուսումնասիրել Սիրիայում ստեղծված իրողությունը:
Նա նշել է, որ «կոմիտեն մեծ ջանքեր կգործադրի ազդելու համաժողովում արևմտյան երկրների որոշումների վրա և նրանց մղելու սիրիացի ժողովրդի կարիքները ապահովելու ուղղությամբ», նշելով, որ «սիրիական հումանիտար իրավիճակը ծայրաստիճան բարդ է»:
Մարերոյի խոսքով՝ «միջազգային հանրությունը համաժողովի ընթացքում պահանջելու է արագորեն վերացնել սիրիացի ժողովրդի հանդեպ արևմտյան և ամերիկյան անարդար շրջափակումը՝ ընդգծելով, որ նրանց շտապ անհրաժեշտ է մարդասիրական, բժշկական և տնտեսական օգնություն»:
Մարերոն նշել է, որ իրավիճակն ուսումնասիրել է տարածաշրջան կատարած այցի ընթացքում և նշել, որ աշխատանք կտանի սիրիացի ժողովրդի կարիքների ապահովման նպատակով արևմտյան երկրների որոշումների վրա ազդելու ուղղությամբ։
«Մենք կոչ ենք անելու արևմտյան և արաբական երկրներին իրենց քաղաքացիներին տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարներից, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ընտանիքները»,-ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահը:










