Բայդենը Պուտինին և Սի Ծինփինին հրավիրել է կլիմայի հարցով բանակցությունների.

09:57 • 27.03.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ բանակցությունների, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին:

Բայդենի վարչակազմի օրոք կլիմայի վերաբերյալ առաջին բանակցությունները նախատեսվում է անցկացնել ապրիլի 22-23-ը: Ընդհանուր առմամբ, ամերիկյան իշխանությունները շուրջ 40 հրավեր են ուղարկել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան էր տվել, ինչպես նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին, իբր, միջամտելու համար: Մեկ օր անց Պուտինը պատասխանել է Բայդենին՝ ծաղրական հայտարարությամբ. «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»:

Հունվարին ԱՄՆ իշխանություններն աշխարհում առաջին անգամ Չինաստանին մեղադրել են ույղուրների ցեղասպանության համար: Չինաստանը հերքում է բոլոր մեղադրանքները: Այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին ցեղասպանության մասին, Պեկինը պատժամիջոցներ էր կիրառել ԱՄՆ 28 պաշտոնյայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «Չինաստանի հանդեպ նախապաշարմունքի և ատելության համար»:

Պատժամիջոցների ցուցակում ներառված է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն էլ արել էր ցեղասպանության մասին հայտարարությունը: