Մյանմարում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմարի մի քանի քաղաքներում հակակառավարական ցույցի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Myanmar Now պորտալին:
«Նախորդ օրը ռազմական իշխանությունները իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով նախազգուշացնում էին, որ բողոքի ցույցերին մասնակցող մարդկանց գլխին հնարավոր է պատահաբար փամփուշտ դիպչի: Առավոտյան վաղ ժամերից և շաբաթ օրը օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է սպանվել»,-ասված է հայտարարության մեջ:
Պորտալը հայտնում է Յանգոն, Բագո, Մանդալայ քաղաքներում և հարակից շրջաններում մահվան դեպքերի մասին:
«Մյանմարի զինված ուժերի օրը զինվորականները ավելի շատ մարդ են սպանել, քան սովորական օրերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:










