Իսպանիայում «հուսահատված» վարորդը վրաերթի է ենթարկել 7 քաղաքացու

04:26 • 27.03.21

Իսպանիայի Գվադալախար նահանգում գտնվող Յունկերա դե Էնարես մունիցիպալիտետում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ վրաերթի հետևանքով նվազագույնը 7 մարդ է տուժել: 

«7 մարդ է տուժել … վրաերթի հետևանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ Յունկերա դե Էնարեսում (Գվադալախար): Նրանցից 4-ը՝ 1 կին և 3 տղամարդ, նահանգի մայրաքաղաքի համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել»,- նշվում է տեղի փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

EFE գործակալության հաղորդմամբ՝ վրաերթը կանխամտածված է եղել: Վրաերթի հեղինակը հայտնել է, որ իր գործողությունները գիտակցված են եղել և հուսահատության արդյունք, որն առաջացել է երեխաների խնամակալության կորստի պատճառով:

ABC պարբերականը հայտնում է, որ վարորդին բերման են ենթարկել: