Նիկոսիայում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի զանգվածային երթ է տեղի ունեցել
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի զանգվածային երթ է տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց փողոց է դուրս բերել ընդդիմադիր «Բավական է» շարժումը, պահանջել են անմիջապես դադարեցնել պարետային ժամն ու չեղարկել տնից դուրս գալը տեղական իշխանությունների հետ համաձայնեցնելու կարգը:
Ցուցարարները նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված սոցիալական մի շարք խնդիրներն անհապաղ լուծելու, մասնավորապես՝ բնակչության խոցելի խմբերին սոցիալական աջակցություն ցուցաբերելու, կոռուպցիայի և ռասիզմի դեմ պայքարն ուժեղացնելու, առողջապահության ու կրթության ոլորտների ֆինանսավորումը ոստիկանության ու սպառազինության ձեռք բերման համար նախատեսված ծախսերի հաշվին ավելացնելու պահանջներ են առաջ քաշել:










