Եգիպտոսում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի․ փրկարարներին հաջողվել է փլատակներից 6 ամսական ողջ երեխայի դուրս բերել (լուսանկարներ)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բնակելի բազմահարկ շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել 6 ամսական ողջ երեխայի, գրում է ABC News-ը։
Ըստ հաղորդման՝ երեխայի մորը, հորը և քրոջը մահացած են գտել, սակայն փրկարարները շարունակում են փնտրել երեխայի ավագ եղբորը, որն անհետ կորած է։ Նշվում է, որ այս պահի դրությամբ տղա երեխայի վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ ամսի 28-ին տեղի ունեցած շենքի փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ մասնագետները ստուգումներ են անցկացնում փլուզված շենքի հարակից շինություններում՝ հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով:
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 25 մարդ, ևս 26-ը վիրավոր է։
Եգիպտոսում շենք-շինությունների նմանատիպ փլուզումները հաճախակի են, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվում են առանց տեղական իշխանությունների թույլտվության և առանց շինարարական տարրական նորմերը պահպանելու։














