Ինդոնեզիայի նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան տուժածներ և տարածքի շուրջ 950 բնակիչ տեղափոխվել է անվտանգ վայր։
Այս մասին հայտնում է բրիտանական BBC լրատվականը։
Հրդեհը բռնկվել է Pertamina պետական նավթային ընկերությանը պատկանող Balongan նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ըստ gazeta.ru լրատվականի հաղորդած տվյալների, դեպքից տուժել է 28 մարդ, ոից 23-ի մոտ աննշան վնասվածքներ են գրանցվել։
Balongan Ինդոնեզիայում նավթավերամշակման ոլորտի խոշորագույն և կարևորագույն գործարաններից մեկն է, որը վառելիք և նավթաքիմիական նյութեր է մատակարարում Ջակարտայի տարածքում:
Ընկերությունը տեղեկացրել է, որ հրդեհի պատճառն անհայտ է, սակայն այն սկսվել է ուժեղ անձրևի ու կայծակի ժամանակ։ Նշվել է նաև, որ հրդեհը չի վնասել գործարանի վերամշակման սարքավորումները և 5 օրվա ընթացքում աշխատանքները կվերականգնվեն։










