Մոզամբիկում զինված հարձակման հետևանքով կան տասնյակ զոհեր. հաջողվել է շրջափակումից հանել 1400 մարդու
Մոզամբիկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ 7 անձ սպանվել է թաքստոց հանդիսացող հյուրանոցից փախչելու փորձի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոզամբիկի հյուսիսային Քաբո Դելգադո նահանգում գտնվող հյուրանոցներից մեկում ավելի քան 180 մարդ շրջափակման մեջ է գտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող զինյալների հարձակման հետևանքով։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն առնչվող զինյալները չորեքշաբթի երեկոյան հարձակվել են քաղաքի բնակչության վրա, որի մի մասն ապաստանել էր «Ամարուլա Պալմա» հյուրանոցում։
«Գրեթե ամբողջ քաղաքը ոչնչացված է, շատ մարդիկ են զոհվել», – ասել է կայանի աշխատակիցներից մեկը և հավելել, որ մարդիկ ապաստանել են հյուրանոցում՝ փրկության սպասելով։
Human Rights Watch-ը, իր հերթին, հայտարարել է, որ հարձակվողները կապված են տեղական «Ալ Շաբաբ» խմբավորման հետ։ Հյուրանոցում ապաստանած մարդկանց փորձել են տարհանել ուղղաթիռներով, սակայն հնարավոր չի եղել միջանցք գտնել։
Նավահանգստում նկատվել է մի քանի նավ. տարածքի բնակչությունը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով փախչել քաղաքից։
Լրատվակնանի տվյալներով հյուրանոցում ապաստանած մարդկանց մի մասը գիշերն անցկացրել է լողափում թաքնված և առավոտյան տարհանվել է այնտեղից։ Տարհանվածների թիվը կազմել է մոտ 1400 մարդ։
Զինված հարձակման հետևանքով զոհվածների թիվը դեռևս հստակեցված չէ, սակայն քաղաքում և լողափերում կան դիեր, այդ թվում՝ գլխատված:










