Բրիտանուհին Facebook-ի կեղծ օգտահաշվի միջոցով գտել է իր զարմուհուն սպանողին

12:11 • 29.03.21

Բրիտանացի կինը Facebook սոցիալական ցանցի միջոցով հայտնաբերել է իր ազգականին սպանած տղամարդուն, հայտնում է lenta.ru լրատվական կայքը։

2014 թվականին Հարավային Աֆրիկայի իր տանը սպանված 59-ամյա ուսուցչուհի Քրիստին Ռոբինսոնի սպանության համար կասկածվել է տան այգեպանը՝ ծնունդով Զիմբաբվեից Անդրեա Իմբայարվոն, որը, սակայն, կարողացել է փախչել։

Սպանված կնոջ զարմուհին՝ 50-ամյա Լիան Սերգիսոնը, Facebook սոցիալական ցանցում բացած կեղծ էջի միջոցով կարողացել է գտնել Անդրեա Իմբայարվոյին և այլ կնոջ անունից սիրախաղի միջոցով նրան ժամադրել Յոհանեսբուրգում՝ այդ մասին նախապես տեղեկացնելով ոստիկանությանը: Սակայն տղամարդը ժամադրության չի եկել։  Յոթ ամիս շարունակ Անդրեան չի օգտվել ֆեսբուքյան էջից, բայց մի օր նա իր էջում ինքնանկար է հրապարակել, որով կինը կիսվել է սոցիալական ցանցերում։ Արդյունքում կասկածյալի լուսանկարով կիսվել են ավելի քան 70 հազար անգամ: Հաշված ժամերի ընթացքում տղամարդը ձերբակալվել է։

31-ամյա Իմբայարվոն մեղադրվել է սպանության, բնակարանային գողության և իմիգրացիոն հանցագործությունների համար։

«Երբ Քրիսը սպանվեց, ես խոստացա, որ չեմ հանգստանա, մինչ արդարություն չհաստատվի: Ես կարծում էի, որ նա երբեք չի բռնվի, եթե ես ինքս դա չանեմ: Ես շատ ուրախ եմ, որ նա վերջապես դատարանի առջև կկանգնի», - ասել է սպանված կնոջ զարմուհին։