Հրվ. Կորեան պատել է Չինաստանից եկած հզոր ավազամրրիկը (լուսանկար)

10:05 • 29.03.21

Մարտի 29-ին հզոր ավազամրրիկը, որը տարածվում է Չինաստանից, հասել է Հարավային Կորեա: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում անելով երկրի ազգային օդերևութաբանական վարչությանը, օդում փոշու մանր մասնիկների խտությունը (PM.10) երկրի մայրաքաղաքային և այլ շրջաններում հասել է ծայրահեղ վտանգավոր մակարդակի:

Հաղորդվում է, որ առավոտյան PM.10 (առավելագույնը 10 միկրոմետր տրամագծով փոշու մասնիկներ) միջին կենրոնացումը Դաեգու քաղաքում կազմել է 1115 մկգ մեկ խորանարդ մետրի համար, Գվանջուում` 842, Սեուլում` 508:

Հարավային Կորեայում PM.10-ի կենտրոնացման նորման համարվում է 31-80 մկգ-ը մեկ խորաարդ մետրի համար, 81-150-ը` վտանգավոր, իսկ 151-ից ավելին` ծայրահեղ վտանգավոր:

Օդերևութաբանների կանխատեսումներով` ավազամրրիկը երկրով մեկ կշարունակի մոլեգնել մինչև մարտի 31-ը:  

Նշենք, որ նախօրեին ավազամրրիկը պատել էր Չինաստանի մի շարք շրջաններ: