ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը»

13:08 • 30.03.21

Ներքին գործերի հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Իլվա Յոհանսոնը Թուրքիայի կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը», հայտնում է Greek City Times-ը և հավելում, որ ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչիի հետ ներգաղթյալների համար նախատեսված հաստատություններ այցի ընթացքում, Յոհանսոնը շեշտել է ներգաղթի դեմ պայքարում միության անդամ պետությունների միջև համերաշխության անհրաժեշտությունը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում վերջին վեց տարիներին, Եվրոպայի միգրացիոն քաղաքականության պակասն է, և դա նշանակում է, որ մեր արտաքին սահմանների անդամ երկրները ենթարկվել են հսկայական ճնշման: Եվ հատկապես որոշ կղզիներ ենթարկվել են հսկայական ճնշման այս հարցում եվրոպական լուծման բացակայության պայմաններում», - ասել է Յոհանսոնը Միտարաչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ԵՄ հանձնակատարն ընդգծել է`ինքը հասկանում է, որ «բոլորն իրենց համբերության սահմանն ունեն, և որ այդ սահմանը որոշ դեպքերում արդեն հատվել է»:

Յոհանսոնը նաև 276 միլիոն եվրո է խոստացել Լեսվոս, Քիոս, Սամոս, Կոս և Լերոս կղզիներում ստեղծված ճամբարների համար, որտեղ ապրում է գրեթե 14  հազար ներգաղթյալ։ 

Միևնույն ժամանակ ներգաղթի հարցերով Հունաստանի նախարաը կոչ է արել Թուրքիային ընդունել 1450 ներգաղթյալի, որոնց ապաստան ստանալու հայցերը մերժվել են, ինչպես նաև հերքել է Հունաստանի կողմից ներգաղթյալներին ապօրինի արտաքսելու մասին լուրերը։

«Սակայն միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ երկրները սահմաններ ունեն, և կան կանոններ և կանոնակարգեր, որոնցով իրավասու մարմինները պետք է իրացնեն և կատարեն իրենց սահմանադրական պարտավորությունները՝ երկրի սահմանները պաշտպանելու համար», - ասել է նախարարը:

Հաջորդ շաբաթ նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Թուրքիա, որտեղ նրանք հանդիպելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։