«Սպառնում էր սպանել ինձ»․ Շերոն Սթոունը պատմել է, որ մանուկ հասակում հարազատ պապի կողմից սեռական բռնության է ենթարկվել (լուսանկարներ)
Մարտի 30-ին լույս կտեսնի հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունի The Beauty of Living Twice գիրքը․ ինքնակենսագրական գրքում «Հիմնական բնազդ» ֆիլմի 63-ամյա աստղն իր անձնական կյանքից մի շարք դրվագներ է ներկայացրել։
Ամերիկյան The New Yorker շաբաթաթերթին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է՝ գրքում ներկայացրել է նաև իր ընտանիքի ամենամութ գաղտնիքները, այդ թվում՝ ինչպես են մանուկ հասակում ինքն ու քույրը՝ Քելի Սթոունը, իրենց պապի կողմից սեռական բռնության ենթարկվել։
Նկարագրելով ողբերգական իրադարձությունները՝ Սթոունը խոստովանել է, որ այնքան էլ լավ չի հիշում դեպքի մանրամասները։ Հոգեբանների շնորհիվ շատ բան նրան հաջողվել է վերհիշել ավելի ուշ։
Շերոնի խոսքով՝ քույրը նույնպես պապի կողմից սեռական բռնության է ենթարկվել, սակայն վաղ տարիքում քրոջ հետ չեն քննարկել այդ թեման, քանի որ պապը սպառնացել է նրանց։
«Պապս մշտապես սպառնում էր սպանել ինձ։ Չնայած ես քրոջս հետ նույն սենյակում էի մնում, չէի կարող խոսել նրա հետ»,- խոստովանել է դերասանուհին։

![]()












