ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Աֆրիկայում դիտարկում է «աճող սպառնալիք». Պետդեպ

10:14 • 30.03.21

ԱՄՆ-ի նոր վարչակազմը Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս՝ Աֆրիկայում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դիտարկում է «աճող սպառնալիք»: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգողի պաշտոնակատար Ջոն Գոդֆրին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այդ խնդիրն այսօր՝ մարտի 30-ին, կքննարկի Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ ԻՊ-ի ջախջախման հարցով խմբի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Մենք կքննարկենք Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս, հատկապես՝ Աֆրիկայում, ԻՊ-ի աճող սպառնալիքի մասին հարցը։ Ակնհայտ է, որ ԻՊ-ը դեռևս ունակ է ավելի քիչ մասշտաբային, մահաբեր գործողություններ իրականացնել ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային շրջաններում։ Նա դեռ մտադիր է դա անել, որպեսզի ցույց տա՝ մշտական սպառնալիք է ներկայացնում»,- հայտարարել է Գոդֆրին։

Նա հավելել է, որ «2019-ին կրած պարտությունից հետո խմբավորումը սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել իր բջիջների և ցանցերի գործունեությանը»։