ԱՆ-ը 1 տարի վազում է Covid19-ի հետևից, կանխարգելիչ միջոցառումներն անարդյունք էին, քանի որ ժամանակին չեն եղել, իշխանությունն էլ կարող է վիրուսի թվերը մանիպուլացնել՝ ըստ քաղաքական շահերի․ համաճարակաբան
Իշխանությունները կարող են կորոնավիրուսի թվերը մանիպուլացնել՝ դրանք իրենց քաղաքական շահերին համապատասխանեցնելով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ նշելով, թե կորոնավիրուսի թվերի հետ կապված ցանկացած մանիպուլյացիա հնարավոր է անել։
«Պետք է հետևել՝ ինչպես է որոշվում քաղաքացիների թեստավորման քաղաքականությունը։ Եթե, օրինակ, հայտնաբերվում է 100 դրական դեպք 1000 թեստավորվածից, բայց իշխանությանն անհրաժեշտ է, որ շատ դեպքեր լինեն, կարող են նշված 100 հոգու ընտանիքի անդամներին, կոնտակտավոր անձանց ևս թեստավորել, և այդ դեպքում մոտ 5 անգամ ավելի կարող են լինել հաստատված դեպքերը»,-նշեց նա։
Անդրադառնալով Առողջապահության նախարարության հայտարարությանը, թե առաջիկա շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 7000 դեպք կարող է գրանցվել, Հովհաննիսյանն ասաց, որ համաճարակաբանական տեսանկյունից՝ կորոնավիրուսի թվերի ավելացման որոշակի օրինաչափություն կա, ինչը ևս կարող է մանիպուլյացիայի պատճառ լինել։
«Այս սեզոնին սպասելի էր և բնականոն է կորոնավիրուսի թվերի որոշակի աճը։ Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում է տեղի ունենում, իսկ քանի որ երկրում հիմա ավելի շատ շրջանառվում է հենց այդ շտամը, այն, այսպես ասած, «տեղահանում է» այլ սուր շնչառական վարակների շտամները, քանի որ նոր է և, համեմատաբար, ավելի ագրեսիվ»,- նշեց նա՝ ընդգծելով, թե այլ հարց է՝ ինչու են վիրուսակիրների մահերի դեպքերն ավելանում։
«Այստեղ պետք է ուսումնասիրել բուժսպասարկման առանձնահատկությունները․ որևէ մեկը ելումուտ չունի այդ դաշտ, փակ զոնա է, ինչը խնդրահարույց է։ Խնդիրը, որը մոտ մեկ տարի է՝ բարձրաձայնում ենք, այն է, որ կորոնավիրուսից առաջացած մահերի դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվում։ Մենք այդպես էլ չստացանք որևէ ծանրակշիռ հիմնավորում դրա վերաբերյալ, այդ պատճառով շատ լուրջ կասկածներ ունենք, որ այս դաշտը փորձում են մաքսիմալ փաստազուրկ պահել և իրենց կողմից կամայական մեկնաբանություններ անել։ Դիահերձում չեն իրականացնում, չեն փորձում պարզել՝ մահերի գերակշռող պատճառները որոնք են, դա համադրել բուժման մեթոդների հետ, հասկանալ՝ որ ռիսկային խմբերում են ավելի շատ մահեր գրանցվում»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թե մահացածների դասակարգումը կատարվում է անհասկանալի մեկնաբանություններով:
«Մեկ տարի անց պատկան մարմինները բավականին ինֆորմացիա ունեին և կարող էին հասկանալ՝ որոնք են վիրուսի փոխանցման հիմնական ուղիները, որ սահմանափակումներն են արդյունավետ եղել, և շարունակում են պահպանել նույն կանոնները»,-նշեց նա։
Հարցին՝ այս պարագայում կա՞ հակահամաճարակային կանոնների խստացման անհրաժեշտություն, Հովհաննիսյանը պատասխանեց․
«Համաճարակի սկզբից ոլորտում քաղաքականություն որոշողներն անընդհատ վազել են համաճարակի հետևից, կանխարգելիչ գործողությունները երբեք արդյունք չեն տվել, քանի որ երբեք ժամանակին չեն եղել։ Եթե ուզում ես համաճարակը կանխարգելել, պետք է դրա զարգացման միտումներից առաջ մտածես։ Իսկ մեզ մոտ ինչ է կատարվում՝ թիվն աճում է, հետո մտածում են՝ այս «կանխարգելիչ» միջոցառումն իրականացնենք։ Արդյունքում համաճարակն իր բնականոն հունով ընթանում է, իսկ մարդկանց լրացուցիչ սահմանափակումների, արգելքների մեջ են գցում, որոնք շատ ուշացած են լինում։ Անընդհատ վազելով համաճարակի հետևից, իմանալով կատարվող միջոցառումների անօգուտ լինելը՝ միևնույն է, շարունակում են նույն գործելակերպը»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։
Հայաստանում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191 491-ի, մահացածների թիվը 3497 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 890 է: Ընդհանուր առողջացածների թիվը 172 605 է, փաստացի բուժվողներինը՝ 14 499։










