Դատարանը հրաժարվեց քննարկել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը. հարցը կքննարկվի ապրիլի 2-ին(տեսանյութ)

12:54 • 30.03.21

14:10


300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ապրիլի 2-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել է հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։
Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00։

14:00

Դատարանը հրաժարվում է քննարկել Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրաժարվում է քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների դիմումը։

Նշենք, որ մեղադրող կողմը, ՍԴ-ի կողմից 300․1 հոդվածի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որշման հրապարակումից հետո, մինչև ապրիլի 6-ը ժամանակ է խնդրել դատարանից նոր, ծավալուն միջնորդություն պատրաստելու համար։ Ընդ որում, այսօր մեղադրանքը պաշտպանող 6 դատախազներից ոչ մեկը չի ներկայացել նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դեռևս նախորդ շաբաթ՝ մարտի 27-ին պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը, կարճել այդ մասով քրեական գործի վարույթը, փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և մեղադրող կողմին պարտադրել գրավոր ներողություն խնդրել նրանից։
«Քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք թույլ տալիս։ Դուք մտադրվա՞ծ եք շարունակել հետապնդումը մի հոդվածով, որն ուրբաթ օրվանից գոյություն չունի», - ասաց Ալումյանը։

Իր հերթին պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը ընդգծեցին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կարող է կայացնել նույնիսկ առանց նիստ հրավիրելու՝ խորհրդակցական սենյակում, և կարող էր դա անել հենց մարտի 26-ին կամ հաջորդ օրը։

13:40

Դատարանն ընդմիջեց նիստը, իսկ մեղադրող կողմը խնդրում է հետաձգել այն
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն սկսվելուց անմիջապես հետո ընդմիջվեց մասնակիցների՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դիմումի բացի դատարան է ստացվել նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիմումը։ Մեղադրող կողմը նոր ծավալուն միջնորդություն է նախապատրաստում և այդ կապակցությամբ խնդրել է դատարանին այսօրվա նիստը հետաձգել մինչև ապրիլի 6-ը։

 

Ընթանում է ՍԴ-ի՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո հրավիրված «Մարտի 1»-ի գործով նիստը:

Հիշեցնենք, որ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը,
Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը։