Տանզանիայի նախագահի հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել
Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի հանգուցյալ նախագահ Ջոն Մագուֆուլիի հրաժեշտի սգո արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տանզանական Citizen պարբերականին:
Ավելի վաղ հաղորդվում էր 5 մարդու մահվան մասին:
Նախագահի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Տանզանիայի ամենամեծ Դար էս Սալամ քաղաքի Ուհուրու մարզադաշտում: Կիրակի օրը՝ մարտի 21-ին, հրաժեշտի երկրորդ օրը, հսկայական թվով սգացող մարդիկ փորձել են մտնել մարզադաշտ՝ շրջանցելով հաստատված մուտքերը: Սկսվել է հրմշտոց, որի հետևանքով 45 մարդ է մահացել, ևս 37 մարդ տուժել է:
Մագուֆուլին մահացել է մարտի 17-ին` 61 տարեկաում՜ Դար-էս-Սալամի հիվանդանոցում: Փոխնախագահը հայտարարել է, որ նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: Միևնույն ժամանակ, ընդդիմությունն ու արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ Մագուֆուլին ծանր հիվանդ էր կորոնավիրուսով: Իշխանությունները հերքում են դա:










