Էկվադորի մաքսային ծառայությունը հայտնաբերել է պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթաթված 185 գալապագոսյան կրիա, որից յուրաքանչյուրի գինը կարող է հասնել 5000 դոլարի (լուսանկարներ)
Էկվադորի մաքսային ծառայության աշխատակիցները Գալապագոսյան կղզիներից մայրցամաք ուղարկվող ճամպրուկի մեջ գալապագոսյան կրիայի 185 ձագ են հայտնաբերել՝ պոլիէթիլենային թաղանթով փաթաթված, հայտնում է BBC լրատվականը։
Կրիաները հայտնաբերվել են Բալտրա կղզու օդանավակայանում անցկացվող ստուգման ժամանակ։ Կրիաներից 10-ը, ըստ աշխատակիցների, սատկած է եղել։
Գալապագոսյան կղզիներում կրիաների համար ամենամեծ սպառնալիքներից մեկը կենդանիների հավաքորդներն ու էկզոտիկ տեսակների վաճառքով զբաղվող ապօրինի շուկաներն են։ Ենթադրվում է, որ հայտնաբերված կրիաները 3 ամսականից էլ փոքր են։ Մասնագետների կարծիքով` յուրաքանչյուր կրիան կարող է վաճառվել 5000 ԱՄՆ դոլարով։
Գործի առթիվ ձերբակալություններ դեռևս չկան, կատավում է հետաքննություն։
Էկվադորի բնապահպանության նախարար Մարսելո Մաթան կատարվածը որակել է որպես հանցագործություն երկրի վայրի կենդանական աշխարհի և բնական ժառանգության նկատմամբ:
Գալապագոսյան կղզիներից կենդանիների մաքսանենգության համար սպառնում է 1-3 տարի ազատազրկում։












