Ուկրաինայի Ռադան Դոնբասում իրավիճակի սրման դեպքում պահեստազորը 1 օրվա ընթացքում մոբիլիզացնելու մասին օրենք է ընդունել

16:29 • 30.03.21

Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է նախագահական օրենք, որը թույլ կտա բարեփոխել զինկոմիսարիատները, իսկ Դոնբասում իրավիճակի սրման դեպքում՝ 1 օրվա ընթացքում մոբիլիզացնել պահեստազորայիններին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երեքշաբթի կայացած նիստում այս որոշմանն աջակցել է 256 խորհրդարանական,  նվազագույնը պահանջվում էր 226 ձայն: Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահը: 

«Օրինագիծը վերաբերում է պահեստազորայինների ծառայության նոր տիպի ներդրմանը: Այս գործիքը թույլ կտա շատ արագ` 1 օրվա ընթացքում ճակատում իրավիճակի սրման կամ պետական սահմանների խախտման դեպքում ներգրավել արդեն գոյություն ունեցող պահեստազորը»,-ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Զավիտնևիչը՝ փաստաթուղթը ներկայացնելով խորհրդարանի դահլիճում: Նրա խոսքով՝ պահեստազորի այս տեսակը կներառի քաղաքացիների փոքր խումբ, որոնք արդեն ծառայել են և ունեն մարտական փորձ:

Փաստաթղթով առաջարկվում է բարելավել զորակոչիկների, այդ թվում ՝ պահեստազորայինների զինվորական գրանցման կարգը: Մասնավորապես, կհայտնվի ավտոմատացված համակարգ, որը հնարավորություն կտա այս էլեկտրոնային ռազմական ռեեստրը միավորել պետական այլ ռեեստրների հետ: