Կորոնավիրուս. Մակրոնը, Մերկելը, Ջոնսոնն ու այլ համաշխարհային առաջնորդներ կոչ են անում միջազգային համավարակային պայմանագիր կնքել

11:07 • 30.03.21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միացել է աշխարհի ավելի քան 20 առաջնորդի կոչին` ստեղծել նոր գլոբալ կարգավորում, որպեսզի աշխարհին օգնեն պատրաստվել ապագա համավարակներին: Այս մասին գրում է BBC-ն:

Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, համաշխարհային առաջնորդների համատեղ նամակում ասում են, որ կորոնավիրուսը ամենամեծ մարտահրավերն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Նրանք ասում են, որ առողջապահության ոլորտում ևս մեկ համավարակը կամ ճգնաժամը «ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի» հարց է:

Եվ համավարակը ցույց է տվել, որ «ոչ ոք ապահով չէ այնքան ժամանակ, քանի դեռ ապահով չեն բոլորը»:

Daily Telegraph-ում և այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են ֆրանսիական Le Monde-ը և իսպանական El Pais-ը, 24 առաջնորդները պնդում են, որ միջսահմանային համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռք բերված պայմանագրի պես մի պայմանագիր:

Ստորագրողները, որոնց թվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար, դոկտոր Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, ասում են. «Այն ժամանակ 2 ավերիչ համաշխարհային պատերազմներից հետո, քաղաքական առաջնորդները միավորվել էին բազմակողմանի համակարգը ստեղծելու համար»:

«Նպատակները պարզ էին. միավորել երկրները, ցրել մեկուսացման և ազգայնականության գայթակղությունները և լուծել մարտահրավերները, որին հնարավոր էր միայն միասին հասնել` համերաշխության և համագործակցության ոգով, մասնավորապես` խաղաղության, բարեկեցության, առողջության և անվտանգության ոգով»:

Առաջնորդները ասում են, որ նույն ոգով, երկրներն այժմ պետք է «ավելի լավ պատրաստ լինեն համավարակների կանխատեսմանը, կանխմանը, հայտնաբերմանը, գնահատմանը և արձագանքել դրանց արդյունավետ` խիստ համակարգված ձևով»:

Նրանք ասում են, որ նոր պայմանագիրը կօգնի ավելի լավ համակարգեր ստեղծել՝ մարդկանց պոտենցիալ համավարակների մասին ահազանգելու համար, միևնույն ժամանակ բարելավելով պատվաստանյութերի և անձնական պաշտպանական սարքավորումների բաշխումը և տվյալների փոխանակումը:

«Կլինեն այլ համավարակներ և առողջապահական այլ խոշոր ճգնաժամեր: Ոչ մի պետական կամ բազմակողմ գործակալություն չի կարող միայնակ լուծել այդ սպառնալիքը: Հարցը ոչ թե «եթե»-ն է, այլ «երբ»-ը:

«Կորոնավիրուսի համավարակը կտրուկ և ցավոտ հիշեցում էր այն մասին, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն»:

Նամակում ավելացվում է. «Այն ժամանակ, երբ Covid-19-ն օգտագործել է մեր թույլ կողմերը և տարաձայնությունները, մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը և միավորվենք որպես գլոբալ համայնք՝ խաղաղ համագործակցության համար, որը  դուրս է այս ճգնաժամի շրջանակներից»: