«Սինցզյանում ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվում»․ ԱՄՆ Պետդեպը կրկին մեղադրել է Չինաստանին
Աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակներում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ասել է, որ Չինաստանի արևմտյան Սինցզյան Ույղուրյան Ինքնավար Շրջանում Չինաստանը «ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ» է իրականացնում մեծամասամբ մուսուլման ույղուր փոքրամասնության նկատմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Ըստ հրապարակված զեկույցի, «տարվա ընթացքում Սինցզյանում մուսուլման ույղուրների և էթնիկ ու կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ»: Զեկույցի համաձայն` ենթադրյալ հանցագործությունները ներառում են ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչների կամայական բանտարկություն, հարկադիր ստերիլիզացում, բռնաբարություն, խոշտանգումներ, հարկադիր աշխատանք և հավատքի, խոսքի և տեղաշարժի ազատության սահմանափակումներ:
«Մենք կկիրառենք մեր դիվանագիտության բոլոր գործիքները՝ մարդու իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Չինաստանը, իր հերթին, մերժել է Սինցզյանում ույղուրների նկատմամբ չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Անցյալ ամիս Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հնչեցրած ելույթի ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ «հիմնական փաստերը ցույց են տալիս, որ Սինցզյանում երբեք, այսպես կոչված, ցեղասպանություն, հարկադիր աշխատանքի դեպքեր և կրոնական ճնշումներ չեն եղել»։
Չինաստանն ընդունել է Սինցզյանում ճամբարների գոյությունը, սակայն նշել է, որ դրանք մասնագիտական հմտությունների ուսուցման կենտրոններ են, որոնք անհրաժեշտ են «ծայրահեղականության» դեմ պայքարի շրջանակներում:
Պետդեպարտապենտի զեկույցում նաև նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում աշխարհի մի շարք ավտորիտար պետություններ օգտագործել են կորոնավիրուսային համավարակի տարածումը՝ իրենց քննադատողներին հետապնդելու և ճնշելու համար։ Այստեղ Բլինկենն առանձնացրել է Նավալնիի գործը, Բելառուսում առկա քաղաքական ճգնաժամը, Եմենում սրված հակամարտությունը, որը սկսվել է 2014 թվականին՝ հանգեցնելով աշխարհի ամենածանր մարդասիրական ճգնաժամին։ Զեկույցում խոսվել է նաև Խաշոգջիի սպանության գործով Սաուդյան Արաբիայի 76 քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների, Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և առկա իրավիճակի մասին։
«ԱՄՆ-ն պարտավոր է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ` այդ գարշելի գործողությունները կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար», - նշել է Բլինկենը:










