Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրող խմբի աշխատանքներն ուղղորդելու և դրանց միջամտելու վերաբերյալ մեղադրանքները
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ Ուհանում ԱՀԿ միջազգային փորձագիտական խմբի աշխատանքներին միջամտելու և արդյունքների մասին զեկույցը բավարար չափով անկախ և թափանցիկ չլինելու մասին մեղադրանքներն անհիմն ու անհեթեթ են, հայտում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է tert.am-ը, զեկույցում նշվում է, որ միջազգային խումբը 4 սցենար է ուսումնասիրել: Միջանկյալ կրողի միջոցով վարակման եղանակը գնահատվում է հավանականից մինչև շատ հավանականի սահմանում: Կենդանուց անմիջապես մարդուն փոխանցման տարբերակը գիտնականները գնահատում են հնարավորից հավանականի սահմանում: Նրանք «հավանական» են համարում կորոնավիրուսի՝ Ուհանում սառեցված ծովամթերքի մատակարարման ճանապարհով տարածվելը: Միևնույն ժամանակ «քիչ հավանական» է համարվում «լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի» հետևանքով մարդկանց վարակումը:
Միացյալ Նահանգները և 13 այլ երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ԱՀԿ զեկույցի արդյունքների վերաբերյալ և շեշտելով զեկույցի «թափանցիկ և անկախ» հետաքննության անհրաժեշտությունը։ Սպիտակ տունը նշել է, որ զեկույցը հստակ չի բացահայտում վարակի ծագումը։
Չինաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Հուան Չունին նշել է, որ փորձագետներն իրենք են որոշել որտեղ այցելեն, ինչ հարցեր առաջ քաշեն և իրենք են պատրաստել հետազոտության նախագիծը, այնպես որ միջամտության մասին հայտարարություններն անհիմն ու անհեթեթ են։ Նա նաև նշել է, որ Չինաստանը որևէ առարկություն չի հայտնել փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ, որում ընդգրկված է 17 միջազգային փորձագետ։ Նրա խոսքով ՝ Չինաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել ԱՀԿ-ի հետ համատեղ այս ուսումնասիրությունն իրականացնելու համար՝ փորձագետների աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծելով։
«Ձեր նշած կողմնակի անձինք չեն մասնակցել վիրուսի ծագման աղբյուրը պարզելու աշխատանքներին, և այժմ նրանք, կարծես, մեղադրում են փորձագետների աշխատանքին միջամտելու համար: Սա շատ անլուրջ է և ծայրաստիճան անպատասխանատու», - ասել է ներկայացուցիչը և հավելել, որ մեղադրող կողմերը պարզապես ցանկանում են հասնել իրենց քաղաքական նպատակներին։
Հիշեցնենք, որ ԱՀԿ փորձագետները Չինաստանում ուսումնասիրություններ են իրականացրել հունվարի 28-ից մինչև փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո կայացած ասուլիսում հայտարարել էին, որ հիվանդության ծագման հարցի պարզաբանման շուրջ որևէ լուրջ առաջխաղացման հասնել չեն կարողացել:










