Google-ը կեղծ լուրերի դեմ պայքարի նպատակով 25 մլն դոլար կփոխանցի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ստեղծած Եվրոպական ԶԼՄ-ների և տեղեկատվության հիմնադրամին

09:42 • 31.03.21

Google-ը կեղծ լուրերի դեմ պայքարի նպատակով 25 մլն դոլար կփոխանցի վերջերս ստեղծված Եվրոպական ԶԼՄ-ների և տեղեկատվության հիմնադրամին, հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Reuters-ի փոխանցմամբ՝ COVID-19-ի համավարակը և ԱՄՆ-ում անցած տարի կայացած նախագահական ընտրություններն ապատեղեկատվության զանգվածային ալիք են առաջացրել, և ոմանք սոցիալական ցանցերին մեղադրում են այս խնդրի լուծման հարցում ակտիվություն չցուցաբերելու համար։

Հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն` 1956 թվականին Լիսաբոնում հիմնադրված «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Եվրոպական համալսարանական ինստիտուտի կողմից ստեղծված Եվրոպական ԶԼՄ-ների և տեղեկատվության հիմնադրամը կեղծ լուրերի դեմ պայքարի հարցով դիմել է հասարակական կազմակերպությունների, անկախ հետազոտողների և այլ անհատների օգնությանը։

«Հիմք ընդունելով անցյալ տարվա անորոշությունն ու դժվարությունները՝ մարդկանց առավել քան երբևէ անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն ստանալ»,- հայտարարել է Google-ի ներկայացուցիչը։