Ճապոնիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանների երկարաձգման համաձայնագրին

13:29 • 31.03.21

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել երկրում ԱՄՆ-ի ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանները մեկ տարով երկարաձգելու համաձայնագրին: Ավելի վաղ այդ համաձայնագրին արդեն հավանություն Է տվել երկրի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Kyodo գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Ճապոնիան և ԱՄՆ-ն նաև պլանավորում են համաձայնություն ձեռք բերել 2022 թվականից հետո ամերիկյան ռազմական օբյեկտները պահելու ծախսերի բաշխման պայմանների շուրջը: Ծախսերը, որոնք 2021 ֆինանսական տարում (սկսվում Է 2021 թվականի ապրիլի 1-ին) կկրի ճապոնական կողմը, կկազմեն 201,7 միլիարդ իեն (շուրջ 1,9 միլիարդ դոլար):

Փետրվարին Ճապոնիայի և ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության են եկել մինչև 2022 թվականի մարտի 31-ը (2021 ֆինանսական տարվա ավարտի ժամկետը) երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանների երկարաձգման շուրջը: Ճապոնիան վճարում Է այդ օբյեկտների հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը, ինչպես նաև աշխատավարձ Է տալիս տեղում վարձված անձնակազմին: