Նիգերում պետական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել. AFP

14:50 • 31.03.21

Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել: Այդ մասին հաղորդել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տեղեկություններով՝ մի խումբ զինվորներ վաղ առավոտյան երկրի մայրաքաղաք Նիամեյում փորձել են ճեղքել-անցնել դեպի նախագահական պալատը, սակայն նախագահական գվարդիան պալատի գրավում թույլ չի տվել: «Կատարվել են ձերբակալություններ այն զինծառայողների թվում, ովքեր պետական հեղաշրջման այդ փորձի նախաձեռնողներն են»,- մեջբերում Է AFP-ն անվտանգության ծառայության աշխատակցի խոսքը:

Պատահածի վերաբերյալ պաշտոնական հաղորդումներ առայժմ չեն ստացվել: Ավելի վաղ Aktyunizhe նորությունների պորտալը հայտնել Է, որ մարտի 31-ի վաղ առավոտյան ինտենսիվ հրաձգություն Է տեղի ունեցել Նիգերի մայրաքաղաք Նիամեյում՝ նախագահական պալատի մոտ:

«Իրադրությունը գտնվում Է լիակատար վերահսկողության ներքո, և (հրաձգության) միջադեպն սպառված Է»,- պորտալին հայտարարել Է անվտանգության ծառայության բաձրաստիճան աշխատակիցը: Ներկայիս իրադարձությունները տեղի են ունեցել նախագահական ընտրություններում հաղթած՝ կառավարող կուսակցությունից թեկնածու Մոհամեդ Բազումի պաշտոնակալությունից 48 ժամ առաջ: Պետության գործող ղեկավար Մահամադու Իսուֆուն չի մասնակցել ընտրություններին: Նա երկու անգամ ընտրվել Է նախագահի պաշտոնում և սահմանադրական նորմայով հնարավորություն չի ունեցել երրորդ ժամկետի համար առաջադրելու իր թեկնածությունը: