«Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը մնում է Covid-19-ի ծագման ամենահավանական օջախը»․ Պոմպեոն ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ զեկույցը որակել է «ապատեղեկատվության արշավի շարունակություն»

10:44 • 31.03.21

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ (ԱՀԿ) կորոնավիրուսի ծագման վերաբերյալ կազմած զեկույցը որակել է «ապատեղեկատվության արշավի շարունակություն»: ԱՄՆ նախկին պետքարտուղարը նման գնահատական է հնչեցրել Twitter-ում։

«Այս զեկույցը դարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ապատեղեկատվության կեղծ արշավի շարունակությունը: Հենց այդ պատճառով ես ԱՄՆ-ին խորհուրդ եմ տվել դուրս գալ ԱՀԿ-ից»,-հայտարարել է նա։

Նախկին պետքարտուղարի վարկածով՝ «ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը համագործակցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ փորձելով վճռորոշ պահին քողարկել այն փաստը, որ վիրուսը փոխանցվել է մարդուց մարդու միջոցով»:

«Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը մնում է վիրուսի ծագման ամենահավանական օջախը, և ԱՀԿ-ն այս ամենի մասնակիցն է»,- գրել է Պոմպեոն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է՝ ԱՀԿ-ի զեկույցն ավելի խորը պատկերացում չի տալիս նոր կորոնավիրուսի առաջացման մասին:

Նախօրեին ԱՀԿ-ն հրապարակել էր կորոնավիրուսի ծագման մասին զեկույցը, որի համաձայն՝ ԱՀԿ-ի փորձագետները, որոնք հունվարին այցելել էին Չինաստանի Ուհան քաղաք՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածման աղբյուրները, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ COVID-19-ի ծագման վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ միջազգային խումբը 4 սցենար է ուսումնասիրել: Միջանկյալ կրողի միջոցով վարակման եղանակը գնահատվում է հավանականից մինչև շատ հավանականի սահմանում: Կենդանուց անմիջապես մարդուն փոխանցման տարբերակը գիտնականները գնահատում են հնարավորից հավանականի սահմանում:

Նրանք «հավանական» են համարում կորոնավիրուսի՝ Ուհանում սառեցված ծովամթերքի մատակարարման ճանապարհով տարածվելը: Միևնույն ժամանակ «քիչ հավանական» է համարվում «լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի» հետևանքով մարդկանց վարակումը:

Հիշեցնենք, որ ԱՀԿ փորձագետները Չինաստանում ուսումնասիրություններ են իրականացրել հունվարի 28-ից մինչև փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո կայացած ասուլիսում հայտարարել էին, որ հիվանդության ծագման հարցի պարզաբանման շուրջ որևէ լուրջ առաջխաղացման հասնել չեն կարողացել: