Քաղաքապետարանն ասում է մի բան, նախարարությունը՝ մեկ այլ բան, տնօրենը երկու քարի արանքում է մնացել. թիվ133 մանկապարտեզի աշխատակազմը բողոքի ակցիա արեց՝ ի պաշտպանություն տնօրենի (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզի աշխատակազմը բողոքի ակցիա է անում Երևանի քաղաքապետարանի դիմաց` ի պաշտպանություն մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանի, որին վարչական շրջանի ղեկավարը ազատել է աշխատանքից:
Մանկավարժները նշում են, որ Ժաննա Մանուկյանն ունի երեք անչափահաս երեխա, ամուսինը պատերազմի ժամանակ անհայտ կորած է և նրան աշԾխատանքից հեռացնելը սխալ է:
Երևանու ավագանու ԲՀԿ անդամ Արմեն Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, իրավական աշխատանքներ են տարվում՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել. «Ես հուզված եմ, քանի որ նրա ամուսինը անհայտ կորած է և իր երեխաների կողքը չէ: Փորձել եմ հանդիպել թաղապետին, ինքն իր տեսանկյունն էր ասում, որ արդարացի է վարվել, քանի որ մի քանի անգամ զգուշացրել էր, բայց դա ինձ համար հիմք չհանդիսացավ, քանի որ կոլեկտիվն ուրիշ բան է պնդում: Ես կլսեմ նաև Շենգավիթի բնակիչներին և կփորձենք արդար ձևով այս հարցին լուծում գտնել»:
Արմեն Ներսիսյանը նշեց, որ մանկապարտեզի տնօրենն առաջնորդվել է առողջապահության նախարարի հրամանով, որի համաձայն այն ծնողները, որոնք աշխատանքի են հաճախում, կարող են երեխաներին տանել մանկապարտեզ և նա առաջնային կարգով ընդունել է այդ երեխաներին.
«Ժաննա Մանուկյանը առաջնորդվել է նախարարի հրամանով, քանի որ նախարարը ավելի գերագույն մարմին է, քան քաղաքապետի որոշումը: Հիմա քաղաքապետարանն ասում է մի բան, նախարարությունն ասում է մեկ այլ բան, Ժաննա Մանուկյանն ընկել է երկու քարի արանքը, և առաջնորդվել է նախարարի խոսքով: Նրա ամուսինը 6 ամիս է չկա, պետք է իրեն նկատողություն տային, Աշխատանքային օրենսգրքում գրված է, որ սխալի համար նկատողութուն են տալիս»:
Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ եթե կա իրավական խնդիր և կողմը համաձայն չէ իր վերադասի որոշման հետ, իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ իրեն ընձեռնված հնարավորությոններով խախտված իրավունքները վերականգնել:
«Վարչական շրջանի հայտարարության հիմքերը հստակ են, հիմնավորման համաձայն Ժաննա Մանուկյանը ժամանակավորապես իրեն վստահված պարտականությունների կատարումը պատշաճ չի կատարել, մնացած էմոցիոնալ հարթություներն եկեք թողնենք մի կողմ: Խոսք գնաց, որ անչափահաս երեխաներ ունի և ամուսինը անհետ կորած է կարծեմ վարչական շրջանից նրան առաջարկ է եղել ոլորտում այլ պաշտոն զբաղեցնել: Միգուցե հարց տանք այն երեխաներն, որոնք իրենց հերթագրման կարգից դուրս են մնացել մանկապարտեզից, նրանց իրավունքներն ո՞վ պետք է ներկայացնի, մենք գիտենք որ կա հերթագրման խախտում և իմ տեղեկություններով՝ երկու երեխա ընդհանրապես գրանցված չի եղել»,- ասաց նա:










