Ֆրանսիացի իրավաբանը մեկնաբանել է AstraZeneca պատվաստանյութի անվանափոխությունը
Անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ քննադատությունը դրդել է ընկերությանը փոխել պատվաստանյութի անվանումը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Cabinet Philippe Schmitt Avocats ֆրանսիական իրավաբանական ընկերության հիմնադիր Ֆիլիպ Շմիթը, որը մասնագիտանում է արդյունաբերական արտոնագրերի ասպարեզում:
«Պատվաստանյութի արդյունավետության կամ անհավասար մատակարարման վերաբերյալ քննադատությունը չի չի նպաստել ապրանքանիշի գովազդմանը: Հենց այս պատճառով էլ ընկերությունը, կարծես, նախընտրում է ավելի շուտ ընդգծել իր արտադրանքը, քան ընկերության անվանումը»,- ասել է նա:
Ըստ Շմիթի` որոշակի փուլում ընկերություններն իրենց դեղերի համար ընտրում են մեկ կամ մի քանի ապրանքանիշ: Դրա արդյունքում հաճախ նույն դեղը կամ պատվաստանյութը մեկից ավելի անուններ ունեն ՝ կախված աշխարհի տարածաշրջանից:
Հայտնի է, որ անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութն այսուհետ կոչվելու է Vaxzevria: Շվեդիայի բժշկական արտադրանքի գործակալության հաղորմամբ, անվան փոփոխությունը չի ենթադրում դեղի բաղադրության կամ հատկությունների փոփոխություն: Կարող են փոխվել պիտակավորումը, փաթեթավորումը և պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունները։
Անվան փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ բազմաթիվ բացասական արձագանքներ են եղել։ Հայտնի է, որ դեղամիջոցի պատվաստումից հետո զգալի թվով մարդկանց մոտ թրոմբոզ է առաջացել։ Այս մտավախությունների ֆոնին եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսին AstraZeneca-ն համագործակցել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի հետ հակակորոնավիրուսային պատվաստանյութ մշակելու, արտադրելու և մատակարարելու համար: COVID-19-ի դեմ նախատեսված պատվաստանյութն ի վերջո մշակել են Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca-ի դուստր ձեռնարկություն Vaccitech-ը: 2021 թվականին Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) թույլ էր դեղամիջոցն օգտագործել Եվրամիությունում:










