Կա բարձր մակարդակով տրված հրահանգ՝ տապալելու ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը. Դավիթ Ափոյան (տեսանյութ)
Մարդիկ անգամ չեն տեղեկացրել, որ չեն գալու և պարզապես արհամարհել են Հոգաբարձուների խորհուրդը՝ նիստին չներկայանալով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով այսօրվա ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստին:
«Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը ծանուցել է բոլոր անդամներին, որ այսօր կայանալու է նիստ և մինչև այսօր նիստի անդամները պետք է պատասխանեին՝ մասնակցելու են, թե ոչ, ոմանք որևէ արձագանք չեն տվել, մյուսները պատասխանել են՝ հաստատելով, որ գալու են նիստին, բայց վերջին օրը մի մասը չի եկել և տեղեկացրել է, մյուս մասն առանց տեղեկացնելու արհամարհել է նիստը և չի եկել»,- ասաց Դավիթ Ափոյանը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահը նաև ընդգծեց՝ վստահ է, որ կա հստակ պայմանավորվածություն և հրահանգավորում, իսկ իշխանության կողմից ներկայացված մարդիկ չեն գիտակցում իրենց վրա դրված պատասխանատվությունը:
«Ավելի քան ակնառու է, որ կա պայմանավորվածություն, և ես վստահ եմ՝ բարձր մակարդակով հրահանգավորված է, որպեսզի նրանք չմասնակցեն նիստին և, հետևաբար, նիստը տեղի չունենա: Այս մարդիկ իշխանության կողմից են ներկայացված և մի քանիսը հրահանգավորվել են, որ պարզապես չներկայանան նիստին, իսկ այդ մարդիկ ուղղակիորեն չեն հասկանում՝ ինչ պատասխանատվություն է իրենց վրա դրված»,- մեկնաբանեց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:
Նրա խոսքով՝ ներկայացուցիչները խուսափել են ներկայանալուց, քանի որ չունեն ռեկտորի իրենց թեկնածուն: «Չեն եկել, որովհետև կա՛մ չունեին հստակ հրահանգավորում՝ գալու դեպքում ինչ պետք է անեն, կա՛մ խուսափել են ռեկտորի ընտրություն կազմակերպելուց, քանի որ դեռ չունեն իրենց երդում տված ռեկտորի թեկնածուն»,- նշեց նա:
Դավիթ Ափոյանը նաև անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի երեկվա հայտարարությանը, որում խոսվում էր ռեկտորների ընտրության մասին:
«Նախարարի հայտարարությունն արդեն իսկ խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին, որն ամբողջությամբ ոտնատակ է տալիս այն «ինքնավարություն» ասվածը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ օրակարգում ներառված հարցերի դեմ բոյկոտ անելը փաստում է դրա մասին: Ես չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ ԵՊՀ-ն այսքան արժեզրկված լինի»,- ասաց Դավիթ Ափոյանը։










