Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Mazda-ն. վերջինիս վարորդը տեղում մահացել է, նրա կինը, 3 երեխաներն ու Mercedes-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

21:18 • 01.04.21

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները:

Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ Mercedes-ի վարորդը նույնպես դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն: