«ՌԴ քաղաքացիների համար Վրաստանում վտանգավոր է»․ Կրեմլը դատապարտել է Պոզների այցի դեմ վրացիների բողոքի ակցիաները
Կրեմլը վճռականորեն դատապարտում է Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ազգայնամոլ ծայրահեղականների ագրեսիվ գործողությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է արձագանքել Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ տեղի ունեցած միջադեպին, գրում է regnum.ru-ն։
«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այնտեղ գնալը պարզապես վտանգավոր է, և դա ռուսները պետք է հստակ հասկանան», -ասել է Պեսկովը։
Ծննդյան օրվա առթիվ նա նաև շնորհավորել է Պոզներին։
«Ավելի լավ է ծննդյան օրը տանը նշել, այստեղ ավելի հանգիստ է»,- հավելել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ «Պոզների դեմ ազգայնականների հարձակման դատապարտումը»։
Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել լրագրող Պոզների այցի պատճառով, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդել են՝ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, ապա նրա ներկայությունն անընդունելի է։
Նրանք շրջապատել են հյուրանոցը, կարողացել են անջատել հյուրանոցի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև ձվեր են նետել։
«Մենք չենք պատրաստվում հեռանալ և կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր Աբխազիան չեն համարում Վրաստանի մաս, չեն լքել մեր երկիրը։ Կլինեն մշտական ակցիաներ», - հայտարարել էր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Պոզները, որը նախատեսում էր Վրաստանում մնալ մինչև ապրիլի 3-ը, իր այցով պայմանավորված բողոքի ակցիաներից հետո լքել է Թբիլիսին։










