Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են Պոզները և նրա հյուրերը ոստիկանների ուղեկցությամբ ցուցարարների հայհոյանքների ներքո լքում Թբիլիսիում հյուրանոցի շենքը

12:41 • 01.04.21

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ներկայացված է` ինչպես է ծննդյան կապակցությամբ նախօրեին Թբիլիսի ժամանած ռուս հայտնի հաղորդավար, լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն իր հյուրեր հետ ոստիկանների ուղեկցությամբ և բողոքի ակցիայի մասնակիցների հայհոյանքների ներքո լքում հյուրանոցի շենքը և նստում մեքենա։

Վրաստանի «Առաջին ալիք»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։ Օդանավակայանում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ 

«ՌԻԱ Նովոստի»-ն, իր հերթին, տեղեկացնում է՝ Վրաստանի ՆԳՆ-ն կարանտինային միջոցները խախտելու համար տուգանել է 32 մարդու, այդ թվում՝  Պոզներին։

«Պարեկային ոստիկանության բաժնի աշխատակիցները 32 մարդու տուգանել են մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար։ Երկիր ժամանած 41 հոգուց 9-ը չեն խախտել կանոնները։ Գիշերը տուգանվել է «Վինոտել» հյուրանոցը։ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն օպերատիվ կերպով արձագանքում են բոլոր խախտումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին նաև հայտնել են, որ «Վլադիմիր Պոզները տուգանվածների թվում է»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոզներին և նրա հյուրերին ընթրիք մատուցելու և Վրաստանում երեկոյան 9-ից գործող «պարետային ժամը» խախտելու համար 10 հազար լարիով տուգանվել է նաև հյուրանոցը։

Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ Պոզները Թբիլիսի է ժամանել չարտերային չվերթով, նրա հետ ժամանել է 50 մարդ՝ լրագրողի ընկերներն ու գործընկերները: Միջոցառման կազմակերպիչը եղել է երգչուհի Միրանդա Միրիանաշվիլին՝ ռուս գործարար Լեոնիդ Օգարյովի կինը:

«Ես արդեն երրորդ տարին է, ինչ ծննդյանս օրը նշում եմ Թբիլիսիում։ Ես այստեղ եմ ոչ թե քաղաքականությունից խոսելու, այլ ծննդյանս օրը նշելու համար»,- ավելի վաղ օդանավակայանում իրեն դիմավորած լրագրողների հարցին պատասխանել էր Պոզները։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Պոզները, որը նախատեսում էր Վրաստանում մնալ մինչև ապրիլի 3-ը, իր այցով պայմանավորված բողոքի ակցիաներից հետո լքել է Թբիլիսին։

«Ռուս լրագրող Պոզները և նրա հյուրերը լքել են Վրաստանը։ Ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։ Օդանավակայանում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Կային նաև ցուցարարներ»,- տեղեկացրել էր վրացական «Առաջին ալիք»-ը՝ հավելելով, որ հեռուստահաղորդավարն ու նրա ընկերները ոստիկանության ուղեկցությամբ դուրս են եկել հյուրանոցի շենքից, ցուցարարները նրանց ուղեկցել են օդանավակայան, այնուհետև, համոզվելով, որ ռուս այցելուները լքել են երկիրը, հեռացել են։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։