Կենսական անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների սուր պակաս. Հս. Կորեայում 12 պետության դեսպանություն է փակվել երկրում ստեղծված ծանր իրավիճակի ֆոնին

12:58 • 01.04.21

12 պետության դիվանագիտական առաքելությունները Հյուսիսային Կորեայում դադարեցրել են իրենց աշխատանքը, իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունների օտարերկրյա ողջ աշխատակազմը լքել է երկիրը հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակի՝ կենսական նշանակության ապրանքների և դեղերի պակասի պատճառով:

Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փհենյանում Ռուսաստանի դեսպանությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդմ՝ մարտի 18-ին 38 օտարերկրյա քաղաքացի լքել է երկիրը, և սա «ԿԺԴՀ-ից դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների հավաքական առաջին մեկնումը չէ»:

«Մի բան պարզ է. ցավոք, սա վերջինը չի լինի, այստեղից օտարերկրացիների արտագաղթը կշարունակվի: Չնայած ներկայում այստեղ գրեթե ոչ մի օտարերկրացի չի մնացել՝ ոչ ավելին քան 290 մարդ»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանությունից հստակեցրել են, որ «Կորեայի մայրաքաղաքից հեռացողներին կարելի է հասկանալ, քանի որ բոլորը չէ, որ կարող են դիմակայել աննախադեպ խստությամբ սահմանափակումներին,  կենսական անհրաժեշտության ապրանքների, այդ թվում`դեղամիջոցների սուր պակասին»,- շեշտել են դիվանագիտական առաքելությունից:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիգերիայի, Պակիստանի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի դեսպանատների դարպասներն արդեն կողպվել են, միջազգային մարդասիրական կազմակերպությունները հեռացել են»:

«Այժմ Հյուսիսային Կորեայում իրենց երկրներն են ներկայացնում ընդամենը 9 դեսպան և 4 ժամանակավոր հավատարմատար: Ինչ վերաբերում է այն դեսպանատների աշխատակազմերին, որոնք դեռ գործում են այստեղ, ապա անձանց քանակը նվազագույնի է հասցվել», - ավելացրել է ՌԴ դեսպանությունը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը:

«Իհարկե, մենք նույնպես շատ դժվար ժամանակներ ենք ապրում, կան բազմաթիվ խնդիրներ, բայց մենք կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեզ վերապահված բոլոր գործառույթները»,- եզրափակել են առաքելությունից: