ԱՄՆ-ում տրանսգենդերներին կրկին թույլատրվել է ծառայել բանակում
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել տրանսգենդերներին բանակ զորակոչելու նոր ուղեցույցներին: Նորամուծությունը նպատակ ունի վերականգնել տրանսգենդերների զինվորական ծառայության վերաբերյալ Պենտագոնի 2016 թվականի քաղաքականությունը։
Այս մասին ասել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ գերատեսչության թվիթերյան էջում հրապարակված ճեպազրույցի շրջանակում:
«Պաշտպանության նախարարը համոզված է, որ ցանկացած ամերիկացի, ով համապատասխանում է զինվորական ծառայության բարձր չափանիշներին, ներառականության սկզբունքի պահպանմամբ ամրապնդում է մեր դիրքերն անվտանգության ոլորտում», - մարտի 31-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Քիրբին։
Նոր կանոնների համաձայն` տրանսգենդերները կրկին կարող են համալրել ամերիկյան բանակի շարքերը՝ որպես իրենց ընտրած սեռի ներկայացուցիչ: Ավելին, ռազմական ղեկավարությունը երաշխավորում է նման զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնությունը:
Նման որոշում ընդունվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում` 2016 թվականին, ինչը, սակայն, նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք չեղարկվել էր։ Թրամփը սառեցրել էր տրանսգենդերներին զինվորական ծառայության անցնելու հնարավորություն տալու մասին որոշումը՝ թույլ տալով միայն ծառայել նրանց, ովքեր արդեն անցել են ծառայության։ Գործող նախագահ Ջո Բայդենը, պաշտոնը ստանձնելուն պես, հրամանագիր է ստորագրել Թրամփի կողմից սահմանված արգելափակումները հանելու վերաբերյալ։










