Արտադրական սխալը հանգեցրել է Johnson & Johnson պատվաստանյութի 15 մլն չափաբաժնի կորստի․ The New York Times
Johnson & Johnson ամերիկյան ընկերության` ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի գործարանում պատվաստանյութի բաղադրիչները խառնելիս թույլ տված սխալը հանգեցրել է պատվաստանյութի 15 մլն չափաբաժնի կորստի, հաղորդում է The New York Times թերթը՝ նշելով, որ ընկերությունը հաստատատել է այդ լուրը։
Հաղորդվում է, որ դրա պատճառը մարդկային գործոնն է եղել։ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) դեպքի առնչությամբ ստուգումներ է անցկացնում: ԱՄՆ-ում այժմ օգտագործվող պատվաստանյութերն արտադրվել են Նիդերլանդներում, ուստի, ինչպես նշում է թերթը, դա չի ազդի պատվաստման գործընթացի վրա։
Նշվում է նաև, որ միջադեպը վնաս կհասցնի ընկերության հեղինակությանը, որը պետք է օգներ արագացնել երկրում պատվաստումների տեմպերը։
Իր հերթին, Johnson & Johnson-ը պաշտոնապես հաստատել է սխալը՝ նշելով․ «Որակի ստուգման ընթացքում հայտնաբերվել է դեղի մեկ խմբաքանակ, որը չի համապատասխանել չափանիշներին»։
Նշենք, որ ԱՄՆ-ում հավանության են արժանացել երեք պատվաստանյութեր՝ Pfizer/BioNTech-ը, Moderna-ն և Johnson & Johnson-ը:










