Եթե կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճի, ու վերլուծություն արվի, որ համաճարակը կառավարելի չէ, որոշում կկայացվի՝ կախված ստեղծված իրավիճակից․ Նարեկ Զեյնալյանը՝ ընտրությունների անցկացման մասին

13:50 • 01.04.21

Քարոզարշավ տեղի չի ունենում։ Ընդամենը վարչապետի այցելություններն են տարբեր մարզեր, քաղաքներ, հանդիպումներ են իրականացվում բնակչության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում, ու մասնակացիներն առանց դիմակի են, սոցիալական հեռավորություն չեն պահպանում։

«Քարոզարշավը չի մեկնարկել։ Կորոնավիրուսի թվերն սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, և դա ամենևին էլ պայմանավորված չէ վարչապետի՝ մարզեր կատարած այցելություններով»,-նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ կորոնավիրուսի վարակակիրների թվի աճով պայմանավորված՝ իշխանությունն ինչ-որ փուլում հետ կանգնի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից, Զեյնալյանն արձագանքեց, թե չպետք է կանխատեսումներ անել, սակայն ամեն ինչ էլ հնարավոր է։

«Այս պահին նման մտահոգություն չկա, շարժվում ենք ըստ նախանշված օրակարգի․ եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական պրոցեսը, բնականաբար, միգուցե, նաև այդ քայլին գնանք։ Եթե կորոնավիրուսի թվերը շատ աճեն, ու վերլուծություն արվի, որ համաճարակը կառավարելի չէ, որոշում կկայացվի՝ կախված ստեղծված իրավիճակից»,-նշեց նա։