Ուկրաինական ուժերը նռնականետից կրակ են բացել Դոնբասում

14:47 • 02.04.21

Ուկրաինայի անվտանգության ուժերը նռնականետից կրակ են բացել Դոնբասի Գոլուբովսկոյե գյուղի՝ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից վերահսկվող տարածքի ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով հանրապետության ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությանը:

«Օրվա սկզբից 14-րդ բրիգադի առաջին գումարտակի զինվորները ավտոմատ նռնականետից բազմիցս կրակ են արձակել Գոլուբովսկոյե բնակավայրի ուղղությամբ», - նշել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայության խոսնակը և հավելել, որ այդ մասին Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում զեկուցվել է Կիևի ներկայացուցիչներին։

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսին Դոնբասում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմ, որի համաձայն՝ բնակավայրերում և դրանց հարակից շրջաններում զենք տեղադրելն ու կրակ բացելն արգելվում է։ Բացի այդ հրադադարի ռեժիմի խախտման համար կարգապահական պատասխանատվություն է սահմանվել: