Գլխավոր շտաբում խնդիրը լուծված է, իսկ վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում. Արտակ Դավթյան (տեսանյութ)
Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը, զոհվեցին և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իհարկե, Ապրիլյանից հետո դասեր քաղել ենք, եթե դասեր քաղած չլինեինք, ինձ թվում է այս վերջին պատերազմն այլ ելք ու այլ ժամկետներ կունենենար: Մենք կարող էինք կորցնել ամբողջ Արցախը ու 20 օրում: Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Ինչ վերաբերում է ԳՇ խնդրին, և հարցին՝ հիմա ով է ԳՇ պետը, Արտակ Դավթյանն ասաց. «Ըստ էության, Գլխավոր շտաբում խնդիրը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է, դատարանի որոշումը մեկնաբանելը իրավաբանների գործն է»:
Հարցին, թե ինչպես է աշխատում այն բարձրաստիճան սպաների հետ, ովքեր միացել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Արտակ Դավթյանն ասաց՝ շատ լավ եմ աշխատում, որևէ խնդիր չկա:
Հարցին, թե դա քաղաքակա՞ն հայտարարություն էր, Արտակ Դավթյանը չմեկնաբանեց:
Հարցին՝ ի վերջո ի՞նչ էր Ապրիլյան գործողությունները, Արտակ Դավթյանն ասաց. «Դասական գնահատմամբ պատերազմ չէր, մարտական գործողություններ էին»:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Դավթյանն ասաց, որ իրավիճակը բավականին լարված է, սահմաններում հարաբերական կայունություն է:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ թշնամի երկրների նկատմամբ պետք է մեր հայացքները փոխել, և հարցին՝ ի՞նչ է դա նշանակում, Արտակ Դավթյանն ասաց. «Վարչապետի ասածները Գլխավոր շտաբի պետը չի մեկնաբանում»:
Հարցին, թե Անդրանիկ Քոչարյանն Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս, ասել է, որ այդ պատերազմում իր մասին հետաքրքիր բացահայտումներ կան, Դավթյանն ասաց, չի մեկնաբանում, հարցերը թող ուղղեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին:










