«Ինչու ոչ». Ֆրանսիայի ԱԳՆ-ն գնահատել է «Սպուտնիկ V»-ի՝ ԵՄ-ում կիրառման հեռանկարները

14:40 • 02.04.21

Ֆրանսիան չի հրաժարվում ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութից, բայց այն պետք է արտոնագրի եվրոպական կարգավորիչ մարմինը:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Քլեմենտ Բոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսական պատվաստանյութը շատ կարևոր է: Մենք մեզ չենք զրկում ոչ մի օգտակար լուծումից, ոչ մի օգտակար պատվաստանյութից ... Բոլոր պատվաստանյութերի դեպքում, անկախ իրենց անձնագրից (արտադրության երկրից - խմբ.), պահանջվում է եվրոպական իշխանությունների տված արտոնագրումը», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ պատվաստանյութերի ռուսական արտադրողը մարտի սկզբին ինքն է հետաձգել Դեղերի եվրոպական գործակալությունում (EMA) դիմումի ներկայացումը: Բոնի խոսքով՝ նոր դիմումը մշակելու համար կպահանջվի երկու ամիս:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպան և Ֆրանսիան կգնեն ռուսական պատվաստանյութը, նա շեշտել է. «Եթե այն հաստատվի ԵՄ կողմից, ապա ինչու ոչ»:

Միևնույն ժամանակ, Բոնն ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութի չափաբաժինները, EMA-ի հաստատման պարագայում, Եվրոպա կժամանեն հունիսի վերջին:

Նշենք՝ «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը մարտի 4-ից ուսումնասիրվում է Եվրոպական դեղամիջոցների գործակալությունում: Ավելի վաղ վերջինս հույս էր հայտնել, որ «Սպուտնիկ V»-ի գնահատումը կիրականացվի արագացված ընթացակարգով, բայց պատվաստանյութի գրանցման առնչությամբ հստակ օր դեռևս չի նշվում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ռուսական պատվաստանյութի հաստատումը, եթե դժվարություններ չլինեն, ակնկալվում է մայիսին:

Հիշեցնենք՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 58 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ: Lancet ամսագրի փոխանցմամբ՝ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս: