Կրեմլը հերքել է Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համակարգերի օգտագործումը

15:30 • 02.04.21

«Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 «Որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ` արդյոք զինված ուժերի միջոցով զեկուցե՞լ են (այս մասին տեղեկատվություն նախագահ Վլադիմիր Պուտինին), արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունե՞ն»,- ասել է նա լրագրողներին:

Այսպես Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի ականազերծման գործակալության` 2021 թվականի մարտի 15-ին Շուշի քաղաքում ականների մաքրման ժամանակ «Իսկանդեր»-ի երկու հրթիռի բեկորների հայտնաբերման մասին հայտարարությունը:

Միևնույն ժամանակ, լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է նրան, որ Բաքուն, իբր, հայտարարել է, որ, դատելով գծանշումներից, այդ հրթիռները արտահանվող տարբերակ չեն, այլ նախատեսված էին ռուսական զինուժի օգտագործման համար:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Իսկանդեր»-ն օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է. «Հիշում եք «Իսկանդեր»-ի մասին պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»,-ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև, թե արդյոք Կրեմլը պատկերացում ունի այն մասին, թե որտեղից կարող էին հայտնվել «Իսկանդեր»-ի հրթիռները, որի բեկորների հայտնաբերման մասին հայտարարվել է Բաքվում:

«Ոչ, մենք տեղեկություն չունենք» -ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ: