«Այլևս հիվանդներ չկան». Իսրայելում փակվում են հիվանդանոցների կորոնավիրուսային բաժանմունքները

12:14 • 02.04.21

Իսրայելում սկսել են փակվել հիվանդանոցների՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունքները, գրում է Ynet-ը, նշելով՝ նման որոշման պատճառը հիվանդների բացակայությունն է:

«Վարակման մակարդակը 1 նիշի է իջել, որոշ բժշկական կենտրոններ հայտնում են, որ վերջին օրերին կորոնավիրուսով նոր հիվանդներ չեն գրանցվել»,- ասված է երկրի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: 

Նշվում է՝ վերջին շրջանում իսրայելական հիվանդանոցները կորոնավիրուսով հիվանդների գրեթե չեն ընդունել: Երուսաղեմի «Հադասա» բժշկական կենտրոնը, որը երկրի խոշորագույն հիվանդանոցներից է, հայտնել է, որ կենտրոն է ընդունվել միայն 3 հիվանդ: Սա այն դեպքում, երբ նախկինում օրական հիվանդանոց էր ընդունվում ավելի քան 140 նոր կորոնավիրուսակիր:

Ինչ վերաբերում է մնացած հիվանդանոցներին, ապա «Ռամբամ» առողջապահական կենտրոնում վերջին շրջանում որևէ հիվանդ չի ընդունել, այնինչ նախկինում հիվանդանոցում բուժում ստացող մարդկանց թիվը մեկ օրում գերազանցում էր 15-ը:

Հիշեցնենք՝ Իսրայելը ակտիվ պատվաստումների արշավ է սկսել դեկտեմբերին և ներկայում ամբողջությամբ պատվաստել է բնակչության կեսից ավելիին, որի շնորհիվ երկրում էականորեն նվազել են կորոնավիրուսային վարակի դեպքերը:

Նշենք՝ մարտի 21-ին Իսրայելում սկսվել է կարանտինը թուլացնելու չորրորդ փուլը, իսկ մարտի 8-ից օտարերկրյա քաղաքացիներին կրկին թույլատրվում է մուտք գործել հրեական երկիր:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա շեշտել է, որ «Իսրայելն աշխարհում առաջին երկիրն է, որ հաղթել է կորոնավիրուսը: Երկրին հաջողվել է արագ ու արդյունավետ պատվաստումների շնորհիվ դուրս գալ համավարակից»: